Եթե Հայաստանը համեմատելու լինենք, ասենք, Չինաստանի կամ Հնդկաստանի հետ, հաշվի առնելով հետամնացությունը մարդկային ռեսուրսների քանակի առումով, մենք պետք է բազմապատկենք մեր մարդկային ռեսուրսների հնարավորություններն արհեստական բանականության օգնությամբ։ Այս մասին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ժողովում մայիսի 15-ին ասել է «Flagship Pioneering»-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, «Moderna» ընկերության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։
Նա ավելացրել է, որ արհեստական բանականությունը ավելացնում է մարդկային ռեսուրսների հնարավորությունները։ «Դա աշխատանքի արդյունավետության բարձրացման գործիք է»,- նշել է նա։
Աֆեյանը հիշեցրել է քննադատության մասին, որը հնչում է ԱԲ-ի վերաբերյալ սխալի հավանականության մասով, բայց փոփոխություններն այդ ոլորտում, նրա խոսքով, արդեն հեղափոխական բնույթ են կրում։
Նա վստահություն է հայտնել, որ հայկական սփյուռքի ազդեցության օգտագործումը կարող է նպաստել այն բանին, որ խոշոր տեխնոլոգիական ընկերություններն էլ ավելի ներկայացված լինեն Հայաստանում։
Աֆեյանը նշել է զարգացման ընդհանուր ռազմավարության աշխատանքի կարեւորությունը առկա ռեսուրսների միավորման միջոցով։ Նա առաջարկել է ավելի ակտիվ օգտագործել սփյուռքահայերին, որոնք ներկայացված են արտասահմանյան բուհերում։
«Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես, ասենք, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին դարձնենք Հայաստանի տնտեսության զինվոր»,- նշել է Նուբար Աֆեյանը։