News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազությունից պրոֆեսիոնալ կադրերի արտահոսքը շարունակվում է: NEWS.am-ի տեղեկություններով՝ նախօրեին սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը: Վերջինիս փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է վարչության պետի տեղակալ Մհեր Մկրտչյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ Մարուխյանի ազատման պատճառը ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումն է, որի շուրջ օրեր առաջ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի միջև:

Մասնավորապես իշխող խմբակցության պատգամավորի մոտ հարցադրումներ էին առաջացել հաղորդման մեջ առկա անբացատրելի, ոչ լիարժեք տվյալների առնչությամբ, որոնց հետ կապված գլխավոր դատախազը տեղում չէր կարողացել հիմնավոր և սպառիչ պատասխաններ հնչեցնել:

Պարզվում է, Վարդապետյանը, նախքան հաղորդումը ներկայացնելը, բավարար խորությամբ չի ուսումնասիրել դատախազության համար կարևորագույն այս փաստաթուղթը՝ հույսը դնելով բացառապես փաստաթուղթը մշակած դատախազության Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության վրա:

Նշենք, որ դատախազության կանոնադրության համաձայն՝ նշված վարչությունը կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման ոլորտներում իր իրավասության իրացման սահմաններում՝ մշակում է դատախազության գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծեր, ամփոփում է դատախազության գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացված կարծիքները, գլխավոր դատախազին է ներկայացնում  դատախազության գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ամփոփ կարծիք:

Այսպիսով՝ Աննա Վարդապետյանը իր հերթական ձախողման համար մեղավոր է նշանակել իր ենթակային՝ համապատասխան «պայմաններ» ստեղծելով, որպեսզի Մարուխյանն անձամբ ազատման դիմում գրի:

Նշենք, որ Արմեն Մարուխյանը արդարադատության առաջին դասի խորհրդական է, իրավաբանական գիտությունների թեկնածու: Նա երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում: Եղել է մարզային դատախազ  և տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրլ դատախազությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Աննա Վարդապետյանի պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում 50-ից ավելի դատախազներ են հեռացել համակարգից: Պաշտոնաթող դատախազներից ոմանք սկսել են զբաղվել փաստաբանական գործունեությամբ, որոշներն էլ նախընտրել են ծառայել ՀՀ քննչական կոմիտեում և այլ իրավապահ մարմիններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ