News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Ազոլյանները 3 շաբաթ է՝ ուշքի չեն գալիս տան միակ տղայի՝ Ժոզեֆի մահվան լուրից։ Տան անկյունում միակ որդուց մնացած հուշերի անկյունն է։ Կորստի հետ ընտանիքը չի հաշտվում, վստահ են՝ 4 զոհերը չէին լինի, եթե «Ուրալ»-ը սարքին լիներ, զինծառայողներն էլ սաղավարտ կրեին։

8 ամսվա ծառայող Ժոզեֆն ու իր ծառայակից 3 ընկերները` Արեգ Քերոբյանը, Դավիթ Հակոբյանը, Սլավիկ Վարդանյանը զոհվել են երբ իրենց ու ևս 20 զինծառայողին դիրքերից տեղափոխող «Ուրալ»-ն ընկել է ձորը։ Դեպքը տեղի է ունեցել Մեղրիի Նռնաձոր գյուղի հատվածում։

«Ես որպես զոհվածի մայր խնդրում եմ, որ բոլոր մեղավորներին պատժեն, քանի որ եթե այդպես չանեին, մի մեքենայում 24 զինծառայող չլցնեին, այդպես չէր լինի։ Մեքենան եթե աշխատեր, մարտկոցները աշխատեին, այդպես չէր լինի, իրենք գիտեին, որ մեքենան չի աշխատում, ուղիղ տեղը կանգնած չի եղել, դիքի վրա է կանգնած եղել, որտեղից որ զինվորներին լցրել են մեջն ու միանգամից վայրկյանների ընթացքում իջել ձորը։  Եթե կասկաները դրած լինեին որդիս ողջ կմնար, նրա մարմնին ոչ մի կոտրված չի եղել, միայն գլուխն է 4 տեղով կոտրվել։ Ոչ մի զինվոր չէր զոհվի, եթե գլխարկները դնեին։ Ես մինչև վերջ պայքարելու եմ, որ բոլորը պատասխան տան։ Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն։ Սրանից առաջ էլ 15 զինվորի վառեցին ու մինչև հիմա ոչ մեկ պատասխան չի տալիս, մինչև ե՞րբ են անմեղ երեխաների գլուխն ուտելու»,- NEWS.am-ին պատմում է Ժոզեֆի մայրը՝ Լիլիթ Խաչատրյանը։

Զոհվածի մայրը պահանջում է՝ արդար քննություն, նրա խոսքով՝ ողբերգության մեղավորները պետք է պատասխանատվության կանչվեն։  Ծնողները որդու զոհվելու մասին տեղեկացել են համացանցից, ասում են՝ Պաշտպանության նախարարությունից մինչև հիմա որևէ ներկայացուցիչ իրենց չի այցելել․ «Մահվան մասին ես տանը նստած էի, միամիտ ֆեյսբուքի լուրերն էի նայում, էդպես լուրերը տեսա, սկսեցի ավելի խառնվել, քանի որ մինչև այդ զանգում էի, զանգերիս չէր պատասխանում։ Երբ սկսեցի շատ զանգել, ընկերներից մեկը վերցրեց, ասաց՝ մուրքուր ջան, Ժոզեֆը հեռախոսը կորցրել է, հեսա իջնենք, կտանք իրեն կզանգահարի ձեզ։ Մեզ ասում են, որ մեքենան է անսարք եղել, չի պահել, դրա համար ձորն է ընկել։ Մինչև հիմա մեզ դեռ ոչ մեկ չի այցելել, մեզ ոչինչ չեն ասել, լուրերով եմ տեսել, որ կալանավորել են, ու մեքենան անսարք է եղել»։

Մայրը վերջին անգամ որդու հետ խոսել է վթարի օրը, հիշում է՝ Ժոզեֆը բարձր տրամադրություն ուներ․ «Մահվան օրը՝ 14։10 զանգեց ասաց՝ մամ, մեքենաներն արդեն եկել են, իջնում ենք, իջնեմ ներքև, կզանգեմ, ու այդպես էլ չզանգեց։ Այդ օրն առավոտյան ամբողջ օրը խոսել է հետս։ Կես ժամը մեկ զանգահարում էր, ոնց որ սրտին վկայում էր»։

Քննչական կոմիտեն պնդում է, որ պարզել է Մեղրիում զինվորական «Ուրալի» վթարման պատճառները․ զորամասի պաշտոնատար անձանցից երկուսը կալանավորվել են։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ ժամկետային զինծառայողը «Ուրալը» կայանել է մեքենան թեք տարածքում»՝ խախտելով «պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված Զինված ուժերի ավտոմոբիլային ծառայության կանոնակարգի պահանջները, ըստ որոնց՝ մեքենաների կանգառն իրականացվում է լավ տեսադաշտով ճանապարհի հարթ տեղանքում»։ «Ուրալը» ստուգում է անցել 2023 թվականի հոկտեմբերին և ճանաչվել է սարքին, «սակայն ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները, որոնք աշխատանքային վիճակի են բերվել 2018 թվականին, ենթակա են եղել շահագործման 4 տարի՝ մինչև 2022 թվականը»։

20-ամյա Ժոզեֆը ընտանիքի հետ 8 տարի ապրել էր Մոսկվայում, չնայած առողջական խնդիրներին վերադարձել էր Երևան և անցել ծառայության․ «Ինքը շաքարի խնդիր ուներ, վատանում էր, ուշագնաց էր լինում, իրեն ասում էի՝ մի մեկնի ծառայության, ասում էր՝ չէ, մամ, պիտի գնամ ծառայեմ, ինքն իր կամքով ու իր համաձայնությամբ է գնացել։ Քանի որ որդիս մեկնել էր 7Գ հոդվածով, նա պետք է ինժեներական աշխատանքներ կատարեր, նա իրավունք չուներ զենք կրելու, բայց նա դիրք էր պահում։ Իջնելիս նա պետք է այդ մեքենայով չիջներ, քանի որ ինքը 4-րդ գումարտակի ծառայող էր, բայց իջել էր 2-րդ գումարտակի հետ, ես չգիտեմ՝ ինչու է այդպես եղել»։

Ժոզեֆը ծառայության ընթացքում նշանվել էր, որոշել էր զորացրվելուց հետո հարսանիք անել ու հաստատվել Հայաստանում և հետագա ամբողջ կյանքը կապել Հայրենիքին։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ