Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ թվում Էրեբունու բաժնում տեղի ունեցած դեպքը՝ անչափահաս մեղադրյալի եւ նրա փաստաբանների նկատմամբ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի դեպքը. Այդ գործը եւս ուղարկված է դատարան: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Բոլոր խոշտանգումների վերաբերյալ հայտարարություններով կան նախաձեռնված վարույթներ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ երբ որեւէ իրավախախտում է լինում ընդդիմադիր գործչի կամ ակտիվիստի կողմից, շատ արագ ընթացք է տրվում, անձը ձերբակալվում ու կալանավորվում է, իսկ երբ իշխանության ներկայացուցիչների կողմից կամ ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ է դա լինում, գործը ձգձգվում է, Աննա Վարդապետյանն ասաց. «Այդ գնահատականները, որ հնչում են քաղաքական ամբիոններից, ենթադրում եմ, որ դրանք հիման վրա եք այդ եզրահանգումները կատարում, բայց բոլոր դեպքերով վարույթներով անմիջապես կալանավորումներ չունենք: Ենթադրում եմ, որ դուք ատելության խոսքի վերաբերյալ վարույթների հետ եք համադրում:
Լրագրողների հետ կապված մենք ունենք վարույթներ, որոնք հարուցվել են հենց դատախազության ուսումնասիրությունների հիման վրա: Մենք պարբերաբար մոնիտորինգ նք իրականացնում: Երկու դեպքեր, որ վերջերս են տեղի ունեցել Տավուշի մարզում՝ օպերատորի եւ լրագրողի նկատմամբ, ուղարկվել է Տավուշի մարզային վարչություն՝ վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով: Նաեւ ունենք երկու վարույթ 2023-ից»:
Հարցին, թե արդյոք կա՞ն այդ գործերով մեղադրյալներ եւ ինչպես եղավ, որ Լեւոն Քոչարյանի օգնականի դեպքում անմիջապես նա կալանավորվեց, Աննա Վարդապետյանն ասաց. «Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ: Ձեր նշած իրավիճակում մենք ունենք տեսագրություն, որտեղ հարվածում է եւ այն անմիջապես տարածվեց: Խնդիրը վերաբերում է ապացուցողական բազային: Երբ անձը ուղիղ հեռարձակման ժամանակ թիրախավորում է մեկ այլ անձի եւ կատարում է ատելության խոսքին բնորոշ հատկանիշներ, այդ ամենը ինքը ձայնագրում է, լայվով տարածում է եւ մեզ մնում է ընդամենը ձայնագրությունը զննել եւ ավարտել վարույթը: Բոլոր այն վարույթները, որոնք ունեն էլեկտրոնային ապացույցներ, շատ արագ ուղարկվում են դատարան: Այս դեպքում անձը ասում է՝ Սրբազանի մասին բան չասես եւ պիտակավորում է»:
Դիտարկմանը, որ Տավուշում Armday-ի օպերատորի նկտմամբ ոստիկանների կողմից բռնության վերաբերյալ տեսանյութերը կան, սակայն դեռ չկա հարուցված վարույթ, ինչու է դա դանդաղում, գլխավոր դատախազն ասաց. «Ձեր հարցին պատասխանելու համար պետք է հստակ պտկերցում ձեւավորենք, թե որ մարմինն ինչ է անում: Մենք հսկողություն ենք իրականացնում եւ հետեւողական ենք լինելու, որ բոլոր մեր կողմից ուղարկված հաղորդումները պատշաճ քննություն ստանան: Թե ինչու դեռ չկա վարույթ նախաձեռնված, ես չեմ կարող պատասխանել ամենամեծ ցանկության դեպքում անգամ, որովհետեւ ամեն մարմին կիր լիազորությունների շրջանակում է գործում: Դատախազությունը վարույթ չի նախաձեռնում»: